«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված «Ուսանողական այգու» մասին Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության հետ: Դրանում ասվում է.

"Ելնելով այն փաստից, որ Երևանի քաղաքապետարանի մայիսի 7-ին հրապարակած հաղորդագրությունը «Ուսանողական այգու» խնդրի շուրջ չի արտացոլում քաղաքապետի հետ հանդիպման էությունն ու գլխավոր շեշտադրումները` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտնում է հետևյալը:

Քննարկման մասնակիցների ճնշող մեծամասնության կողմից պահանջվել է դադարեցնել շինարարությունը և լիարժեք կերպով վերականգնել հանրային զբոսայգին՝ նշելով, որ այգում իրականացվող երկու կառուցապատումները բնապահպանական, ճարտարապետական, քաղաքաշինական չափանիշներով և ըստ ՀՀ օրենսդրության պահանջների տեղ չունեն հանրային զբոսայգում և պետք է ապամոնտաժվեն: Հանդիպման ընթացքում մատնացույց է արվել նաև այն, որ շարունակվող լայնածավալ ստորագրահավաքին մասնակցող երևանցիները կտրականապես դեմ են այդ շինարարությանը, և քաղաքային իշխանությունները իրավունք չունեն հաշվի չնստել նրանց դիրքորոշման հետ:

Ամբողջ քննարկման ընթացքում, չհերքելով բարձրացված պահանջի օրինականությունը, ընդունելով հանդերձ շինարարության արդյունքում այգուն մեծ վնաս հասցնելու և դրա նպատակային նշանակությունն ի չիք դարձնելու փաստը` քաղաքային իշխանությունները փորձում էին, առանց հիմնավոր հակափաստարկների, համոզել, որ մասնակիցները համաձայնվեն այս օբյեկտների կառուցման հետ` որպես նմանատիպ վերջին դեպք: Նման մոտեցումը չի կարող հիմք ծառայել ՀՀ օրենքներով կարգավորվող հանրային զբոսայգում ապօրինի կառուցապատում իրականացնելու համար:

Քաղաքապետարանն իր մամլո հաղորդագրության մեջ հատկապես ընտրել և մեջբերել է քաղաքապետի այն միտքը, որ կառուցապատող «մասնավոր ընկերությունների գործունեությունը կասեցնելու դեպքում սեփականատերերին պետք է փոխհատուցում տալ, քանի որ նրանք օրինական, պայմանագրային իրավունքներ ունեն»: Մենք կարծում ենք, որ այդպիսով մասնավոր ընկերությունների շահերը վեր են դասվում Երևանի բնակիչների՝ հանրային զբոսայգիներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու իրավունքից:

Արդյունքում քաղաքապետարանը, փաստորեն, հրաժարվում է իր պատասխանատվությունից՝ վերոնշյալ կառուցապատման համար: Քաղաքապետի հետ քննարկմանը հաջորդող օրերին շարունակվել է նշված երկու կառույցների շինարարությունը, ինչն ավելի է բարդացնելու խնդրի վերջնական հանգուցալուծումը: Այդ շինարարությունն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել, վերանայել դրա հետ կապված որոշումները և ապամոնտաժել կիսակառույց բետոնե կոնստրուկցիաները:

Մենք կարծում ենք, որ քաղաքի բնակչության կարծիքին համահունչ որոշում կայացնելը բխում է քաղաքի կառավարման արդար և ժողովրդավար սկզբունքներից, և պատրաստ ենք ընդունել Երևանի քաղաքապետի կողմից արված համագործակցության առաջարկը՝ հարցի նման լուծման ակնկալիքով: Եթե քաղաքապետարանը չվերանայի սեփական որոշումները, և արդյունքում շինարարությունը չդադարեցվի, ապա մենք կձեռնարկենք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները` «Ուսանողական այգին» հանրությանը վերադարձնելու համար: