«Եթե ՍԴՀԿ որեւէ անդամ որեւէ քաղաքական նախաձեռնությամբ է հանդես գալիս, ապա դա լինում է կուսակցության գիտությամբ եւ հավանության ներքո»,- այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, ՍԴՀԿ Գեւորգ Պերկուպերկայնի թեւի մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է վերջերս ձևավորված «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժմանը», որի կազմակերպիչներց է ՍԴՀԿ այս թեւի ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՍԴՀԿ-ն իր անդամի այս նախաձեռնությանը եւ հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ն եւս իր կազմով անդամագրվի այդ շարժմանը, Ն. Գալստյանը պատասխանեց, որ այդ շարժումը անհատների նախաձեռնություն է ու կուսակցություններն այդտեղ ֆորմատային առումով չեն մտել: «Բոլոր դեպքերում, ժամանակը ցույց կտա մեր անելիքներն այդ ուղղությամբ, սակայն այս պահին շարժմանն անդամագրվելու հետ կապված որեւէ որոշում չկա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ մյուս`Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած թեւը անդամագրվել է Հայ Ազգային Կոնգրեսին: NEWS.am-ը Նարեկ Գալստյանից փորձեց պարզել նաեւ, արդյո՞ք ՍԴՀԿ Գեւորգ Պերկուպեկյանի թեւը եւս շարունակում է համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: Նա ասաց. «Կուսակցության ներսում վերջերս ի հայտ եկած պառակտման ընթացքում ՀԱԿ-ն իրեն դիտարկեց որպես կոնֆլիկտի կողմ, այնինչ անգամ իրավունք չուներ որպես արբիտր լինելու: Եւ այս պահին որեւէ որոշում կայացված չէ ՀԱԿ-ի հետ համագործակցել-չհամագործակցելու ուղղությամբ, քանի որ ՀԱԿ-ն էլ առանձնապես ցանկություն չի ցուցաբերում ՍԴՀԿ-ի հետ համագործակցելու: Իսկ ՍԴՀԿ-ն երբեք ու երբեք որպես կցորդ հանդես չի գա եւ խնդրողի դերակատարություն չի ստանձնի ու չի տարալուծվի որեւէ շարժման մեջ»:



























