Թուրքիայի վարչապետ, «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայեփ Էրդողանը հանդիպել է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) ղեկավար Ահմեդ Թուրքի հետ՝ թուրք-քրդական հիմնախնդրի քննարկման նպատակով։

«Մեր միջև կայացած հանդիպումը հուսադրող էր։ Մեր ժողովուրդներն ուզում են միասին ապրել, նրանք այլևս չեն ցանկանում արցունքներ ու արյունոտ մահեր տեսնել»,- հայտարարել է Էրդողանը Թուրքի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ ցմահ բանտարկության դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել էր, որ իր ապստամբության 25-ամյակի առիթով թուրքական կառավարությանը կներկայացնի բանակցությունների «ճանապարհային քարտեզ»։ Սակայն, Էրդողանը, ըստ երևույթին, առաջ է ընկել Օջալանից՝ հայտարարելով, որ թուրք-քրդական երկխոսության առաջին քայլը կլինի ներկայումս Իրաքի փախստականների ճամբարում բնակվող 11 000 քուրդ փախստականների Թուրքիա վերադարձը։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքին, ապա Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ «սա շատ կարևոր օր է։ Այժմ մեզնից յուրաքանչյուրն ունի կարևոր խնդիր»։

Նշենք, որ թուրքական արդարադատությունը նախաձեռնել էր DTP կուսակցությանը օրենքից դուրս հայտարարելու գործընթացը՝ Թուրքիայի, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK-ի հետ ենթադրյալ կապերի պատճառով։