Ադրբեջանում «Ղարաբաղի ազատագրում» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստներ հունիսի 2-ին Իսրայելի դեսպանատան առջեւ չարտոնված ցույց են կազմակերպել։

Իսրայելական դեսպանատան դիմաց հավաքվել է կազմակերպության՝ Թուրքիային աջակցող  եւ իսրայելական զինուժի գործողությունները դատապարտող ավելի քան 10 ներկայացուցիչ։

Կազմակերպության փոխնախագահ Գյուլթեքին Գուլիեւան Իսրայելի դեսպանատան ներկայացուցչին է հանձնել բանաձեւ, որում իսրայելցի զինվորականների՝ Գազայի հատված մարդասիրական բեռներ փոխադրող նավատորմի վրա հարձակումը գնահատվում է որպես ծանրագույն հանցագործություն։

Փաստաթղթում կոչ է արվում Իսրայելին ճանաչել սեփական մեղքը, ներողություն խնդրել համաշխարհային հանրությունից, դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը, չխոչընդոտել այդ տարածք մարդասիրական բեռների փոխադրմանը։ Փաստաթղթում ակցիայի կազմակերպիչները իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունից պահանջել են լքել Ադրբեջանի սահմանները։

Ադրբեջանցի ոստիկանները չեն խանգարել ակցիային։

Հիշեցնենք, որ Իսրայելցի զինվորականները մայիսի 31-ին գրոհով վերցրել էին միջազգային նավատորմը, որը Գազայի հատված էր տեղափոխում հարյուրավոր այսպես կոչված իրավապաշտպանների եւ հազարավոր տոննա մարդասիրական բեռներ։  Գրոհի արդյունքում զոհվել էր 9 մարդ, նրանցից չորսը Թուրքիայի քաղաքացիներ էին։

Կատարվածի առնչությամբ Թուրքիան Իսրայելից հետ էր կանչել իր դեսպանին։