Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է առաջիկայում զգալիորեն ավելացնել անբարեխիղճ մրցակցության համար գանձվող տուգանքների չափը: Այդ մասին հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, որը, սակայն, չի նշել, թե ինչ գումարների մասին է խոսքը:

Լրագրողների հետ զրույցում Շաբոյանը նկատել է, որ օրենսդրության խախտման դեպքում տնտեսվարողների նկատմամբ կիրառում են գործող օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժամիջոցները` տարվա հասույթի 2 տոկոսի չափով տուգանք, իսկ անբարեխիղճ մրցակցության դեպքում՝ 500 հազար դրամ տուգանք, ինչը, մեղմ ասած, բավական ցածր թիվ է:

 «Նախատեսում ենք զգալիորեն խստացնել պատժամիջոցները, լինեն դրանք գերիշխող դիրքի չարաշահումներ, հայտնաբերված հակամրցակցային համաձայնություններ, թե անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ»,- ասել է Շաբոյանը՝ հավաստիացնելով, որ նոր տուգանքները կարող են հասցվել միջազգային չափանիշներին: Շաբոյանը նկատել է նաեւ, որ աշխարհում տուգանքի չափը տարվա հասույթի 10 տոկոսն է:

Նշենք, որ տուգանքների խստացումը կենսական անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանում մի շարք տնտեսվարողներ վճարում են փոքրիկ  տուգանքները եւ շարունակում են գերշահույթներ ստանալ այլ, համաշխարհային բրենդերի կեղծման միջոցով: Մասնավորապես, վերջերս 2,5 մլն դրամով տուգանվել էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը միանգամից մի քանի բրենդերի կեղծման համար: Կեղծ պիտակներով օղիներն այժմ էլ վաճառվում են բազմաթիվ խանութներում: