NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Washington Post»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է Ջորջթաունի համալսարանի ռուսական, եվրասիական եւ արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոն հրավիրված գիտնական Բրենդա Շաֆերը:
Նախագահ Օբամայի հանդիպումը «Մեծ յոթնյակի» ղեկավարների հետ կենտրոնացած էր եվրոպական էներգետիկ քաղաքականության վրա: Այն ժամանակ, երբ արեւմտյան առաջնորդները ճիշտ պատասխան են որոնում, նրանք պետք է հիշեն, որ Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից անակնկալ կերպով ի հայտ չի եկել: Ընդհակառակը, սա տասնամյակներ շարունակ մանրամասն ծրագրավորման եւ իրականացման արդյունք է: Հնարավոր չէ այդ կախվածությանն ինչ-որ կերպ հակադարձել առանց պետական հաստատությունների կանոնակարգված քաղաքականության: Եվրպայում էներգետիկ ոլորտում իշխելու նպատակով Ռուսաստանը քարը քարին չթողեց: 2009թ.-ին, երբ Թուրքմենստանը բանակցություններ սկսեց Եվրոպական միության հետ Կասպից ծովով դեպի Եվրոպա գազամուղի շինարարության վերաբերյալ, ռուսական կողմում համատեղ գազի խողովակի փականը փակվեց: Սա պայթյուն առաջացրեց, որի հետեւանքով շարքից դուրս եկավ թուրքմենական գազի արտահանման ենթակառույցը:
Մոսկվան քայլեր ձեռնարկեց, որպեսզի թույլ չտա Իրանի ելքը եվրոպական գազի շուկա: 2006թ.-ին «Գազպրոմը» գնեց Իրանից Հայաստան գազի խողովակը, սահմանափակեց դրա չափը: Որտեղ չէր հաջողվում խափանել նոր մատակարարների ի հայտ գալը, Մոսկվան գտնում էր նախագծերը խափանելու եղանակներ:
Մոսկվային ձեռնտու չէ «Հարավային գազային միջանցք: Իսկ երբ ներկրող երկրները չեն կարողանում վճարել, «Գազպրոմն» իր հսկողության տակ է վերցնում երկրի ներքին էներգետիկ կառույցները: Այդ կերպ հունվարին Հայաստանը կորցրեց տեղական գազային ընկերության բաժնետոմսերի վերջին փաթեթը:
Այս ամենից հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է արձագանքի Եվրոպան: Ցավոք, նրա պատասխանն էր բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սեփական շուկաների «լիբերալացումը»: Սակայն միայն շուկան բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի դիմակայել Ռուսաստանին: Ազգային հաստատությունները, ինչպես նաեւ ԵՄ հաստատությունները պետք է ավելի ակտիվ ռազմավարական դեր խաղան:





























