Կրթության ու գիտության նախարարությունում շրջանառության մեջ է դրվել 2011 թվականի ճգնաժամ ձեւակերպումը։ Իհարկե, ճգնաժամը ոչ թե վերաբերվում է կրթական ոլորտի ֆինանսական վիճակին, այլ այդ տարվա շրջանավարտների բացակայությանը։ Կարճ ասած, 2011 թվականին շրջանավարտ չենք ունենալու։ Այս բացը առաջացավ 2006 թվականին 11-ամյա կրթությունից 12 ամյա կրթության անցում կատարելու պատճառով. «2001 թվականին մենք ունեինք 11-ամյա կրթություն, երբ երեխաները ընդունվեցին դպրոց, սկսվեց 11-ամյա կրթությունը։ Բայց 12-ամյա կրթության ժամանակ երկու տեսակի խումբ կազմեցինք՝ վեց տարեկան եւ յոթ տարեկան, որ ոչ մի տարի չկանգնենք շրջանավարտ չունենալու խնդրի առջեւ, բայց երբ 11-ի վրա եկավ 12-ամյա կրթությունը, այդ մասում արդեն բաց մնաց։ 11-ամյա կրթության դեպքում եռամյա ավագ դպրոց չէր նախատեսվում, երկամյա էր նախատեսվում, հետագայում, երբ անցանք 12-ամյա կրթության, նախատեսեցինք եռամյա, այստեղ էլ առաջացավ բացը»,-մեզ հետ զրույցում վիճակը պարզաբանեց ԿԳՆ հանրակրթության բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը։

Նշենք, որ այդ բացը չլրացնելու դեպքում դասախոսների դասաժամերի եւ վարձատրության հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան բուհերում։ Այսինքն՝ ճգնաժամ ասվածը վերաբերվում է բուհերին։ Սակայն տիկին Հովհաննիսյանի խոսքով, հարցն այդպես չեն թողնելու։

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է խնդրի լուծման հնարավոր տարբերակները։ Առաջին նիստը արդեն տեղի է ունեցել եւ քննարկման ժամանակ առաջարկվել են մի քանի լուծումներ՝ հիմնված վաղաժամկետ թռիչքային տարբերակի վրա։ Այսինքն՝ 11-րդցիները համապատասխան քննությունների միջոցով հանձնեն 12-րդ դասարանի գիտելիքներն արտացոլող քննությունները, այնուհետեւ մասնակցեն միասնական քննություններին։ Օրինակ, հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկն առաջարկել է թռիչքային անցումի հնարավորություն տալ միայն գերազանցիկներին, մյուսի տարբերակով՝ միայն 16 տարեկան 11-րդցիներին, իսկ հանրակրթության վարչությունը առաջարկել է, որ վաղաժամկետ թռիչք կատարեն բոլոր այն 11-րդցիները, ովքեր կցուցաբերեն արդեն 12-րդ դասարանի համար նախատեսված գիտելիքների պաշարը։ Ու քանի որ 15 առարկայից բոլոր աշակերտները չէ, որ ի զորու են քննություններ հանձնել, վարչությունը առաջարկել է ատեստատով ամփոփել 11-րդ դասարանի քննությունները, ապա մասնակցել արդեն 12-րդցիների համար նախատեսված միասնական քննություններին։

Ի դեպ, եթե դիմորդները չկարողանան հաղթահարել միասնական քննությունները եւ անբավարար ստանան, նրանք դարձյալ կվերադառնան դպրոց եւ կշարունակեն իրենց ուսումը։ Սակայն նշենք նաեւ մի նրբության մասին եւս. քննություն հանձնող 11-րդցիները գիտելիքների առումով հայտնվելու են անհավասար պայմաններում, քանի որ հոսքային ավագ դպրոցներում խորացված ուսուցում են անցնում, իսկ սովորական ավագ դպրոցներում բոլոր առարկանների դասաժամերը հավասարաչափ են բաշխված։ Այսինքն՝ այս պարագայում հոսքային ավագ դպրոցների աշակերտների գործը հեշտանում է, իսկ սովորական ավագ դպրոցների աշակերտներինը՝ բարդանում։

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԿԳՆ-ում ստեղծված համապատասխան հանձնաժողովը աշխատում է հնարավորինս շուտ գտնել խնդրի լուծումը, որպեսզի աշակերտները ժամանակ ունենան գիտելիքների բացը լրացնելու։ Տիկին Հովհաննիսյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ առայժմ քննարկվող տարբերակները դեռեւս խմորման փուլում են, եւ չի բացառվում, որ հաջորդ քննարկումների ժամանակ ուրվագծվեն բոլորովին նոր լուծումներ։

Գայանե Գրիգորյան