Volkswagen-ը ծրագրում է 2016 թվականին միջին չափսի յոթտեղանոց նոր ավտոմեքենայի արտադրություն սկսել: Այդ նպատակով Չատանուգայի գործարանում լրացուցիչ 2.000 աշխատատեղ է ստեղծվելու:

«Volkswagen ապրանքանիշը պատրաստվում է կրկին հարձակում գործել Ամերիկայի վրա»,- ասել է ընկերության տնօրեն Մարտին Վինտերկորնը:

Ընկերությունը ցանկանում է փոխել տեղական շուկայում իր վաճառքի անկման միտումը եւ դառնալ վաճառքի ծավալներով աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը:

Financial Times-ի փոխանցմամբ, CrossBlue-ի արտադրությունը սկսելու համար գերմանական ավտոարտադրողը պետք է շուրջ 900 մլն դոլար ներդնի: VW CrossBlue-ն նախատեսվում է ամերիկյան ավտոսիրահարների համար: Մեջտեղում այն երեք նստատեղ է ունենալու, մոդելի երկարությունը կազմելու է 4.986 մմ, լայնությունը՝ 2.014 մմ, իսկ բարձրությունը՝ 1.732 մմ: Մեքենան վաճառքի է հանվելու 2017 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր 2016 թվականին յոթտեղանի Tiguan ներկայացնելու՝ Volkswagen-ի ծրագրերի մասին: