Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության շիրխանյանական թեւի կողմից ներկայացված մեղադրանքները անհիմն են ու չեն կարող ցանկալի արդյունք տալ՝ ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի հունիսի 15-ին տեղի ունենալիք ՍԴՀԿ դատական նիստի վերաբերյալ:

«Այն մեղադրանքը, որը փորձում են ներկայացնել կոնկրետ ինձ՝ վիճարկելով 2004  թվականի ատենապետի ընտրությունները,  բացարձակ անհիմն են ու չեն կարող ցանկալի արդյունք տալ։ Նույնիսկ այս դատական համակարգի պայմաններում, երբ չկա որեւէ վստահություն արդարադատություն իրականացնելու հարցում, ես համոզված եմ, որ դատարանը չի կարող որոշում կայացնել ի օգուտ այդ մարդկանց»,- ասաց Սարգսյանը։

Նա նաեւ հավելեց, որ որեւէ դատական նիստի չի մասնակցել եւ չի պատրաստվում մասնակցել նաեւ հունիսի 15-ի նիստին։ «Որովհետեւ ես ինձ համար վիրավորական եմ համարում ներկայանալ մի տեղ, որտեղ իմ մեծացրած երիտասարդները՝ ուղղորդված տարբեր մարդկանց կողմից, իմ դեմ հայց են ներկայացրել։ Եւ ես ոչ մեկին ոչ մի ապացուցելու բան չունեմ»,- նկատեց ՍԴՀԿ ատենապետը։

Նա նաեւ հավաստիացրեց, որ կուսակցության կնիքն ու փաստաթղթերը ՍԴՀԿ վարչությունում են ու ինքն է ՍԴՀԿ օրինական ատենապետը, ով  2010թ-ի հունվարին  վերընտրվել է ատենապետի պաշտոնում։  Հարցին՝ հնարավո՞ր է, որ պառակտված ՍԴՀԿ-ն առաջիկայում վերամիավորվի, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Ես կարեւորում եմ միասնականությունը, եւ կարծում եմ, որ միավորում տեղի կունենա»։ ՍԴՀԿ ատենապետը նաեւ հավելեց. «Համահնչակյան կենտրոնական վարչությունը, գտնվելով դրսում, պիտի հարգանքով վերաբերվի հայաստանյան վարչության որդեգրած քաղաքական ուղեգծին։ Վերջին հաշվով մենք գործում ենք մայր հայրենիքում, եւ ամբողջ Հնչակյան սփյուռքը պիտի գիտակցի, որ այն պայքարը, որը տանում ենք մայր հայրենիքում, դա արվում է նաեւ իրենց ու մեր ժողովրդի համար, եւ մեր սուրբ պարտքն է՝ լինել միշտ ժողովրդի կողքին»։

Հիշեցնենք, որ ՍԴՀԿ շիրխանյանական թեւը դատական հայց է ներկայացրել՝ վիճարկելով կուսակցության նկատմամբ իր իրավունքները։ Դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 15-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։