Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում հակակառավարական ակցիայի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և պղպեղի սփրեյ․ նրանք պահանջում էին բարելավել կրթական համակարգի պայմանները, հայտնել են Reuters-ը և բելգիական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ականատեսներին։

Շաբաթ օրը բողոքի ակցիաներին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հիմնականում երիտասարդներ։ Ցույցը դարձել է վերջին ամիսներին անցկացվող ակցիաների շարունակությունը։ Մասնակիցները պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը և ոստիկանությանը մեղադրում են ուժի չափից ավելի կիրառման մեջ։

Reuters-ի ականատեսների տվյալներով՝ բախումներից մեկի ժամանակ ցուցարարները փորձել են փախչել իրենց հետապնդող ոստիկաններից, ոմանք ընկել են գետնին։ Գործակալության լրագրողները նաև հայտնել են, որ ոստիկանության աշխատակիցները ձեռքերով և ոտքերով ծեծել են ցուցարարներից մեկին։

Մեկ այլ դրվագում ակցիայի մասնակիցները ճանապարհային նշաններ և այլ առարկաներ են նետել վարձակալած էլեկտրական ինքնագլորների և հեծանիվների կույտի վրա ու փորձել են այն հրկիզել։ Քաղաքի մի քանի շրջաններում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ցուցարարների խմբերը ցրելու համար։

Միաժամանակ նշվում է, որ Բրյուսելում բախումները եղել են ոչ այնքան մասշտաբային և պակաս կատաղի, քան անցյալ շաբաթ Բելգիայում տեղի ունեցած անկարգությունները, առավել ևս՝ Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաները։