Օտարալեզու դպրոցները վերաբացելու Հայաստանի կառավարության նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ թելադրված է Ռուսաստանի կողմից՝  հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց  Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ  ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։

Նա կառավարության այս որոշումը գնահատեց որպես «գիտակցված դավաճանական քայլ», նշելով, որ Հայաստանի իշխանությունները, ելնելով իրենց կողմից իրականացվող կոմպլեմենտար քաղաքականության տրամաբանությունից, պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե գոհացնեն դրսի ուժերին, տվայալ դեպքում՝ ՌԴ-ին։ Լյուդմիլա Սարգսյանը նաեւ ընդգծեց, որ Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները դեմ են օտարալեզու դպրոցներ բացելուն։

Հարցին՝ իսկ ի՞նչ դիրքորշում ունի այդ հարցի վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իրեն համարում է կոսմոպոլիտ մարդ, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Ես համաձայն չեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոսմոպոլիտ է, նա առողջ կոսմոպոլիտ է։ Ինքս էլ հարգանքով եմ վերաբերվում բոլոր ազգերին, ու ամեն նորմալ մարդ այսպես պետք է վերաբերվի։ Բայց ազգային հարցերում մենք չենք կարող կոսմոպոլիտ լինել։ Ես գիտեմ նաեւ Տեր-Պետրոսյանի տեսակետը։ Նա, գիտնական մարդ լինելով, շատ լավ է հասկանում հայալեզու դպրոցների թուլացման հետեւանքները»։ ՍԴՀԿ ատենապետի խոսքով՝ պետք է ուժեղ հիմքերի վրա դրվեն հայալեզու դպրոցները՝ բարձրացնելով այդ դպրոցների կրթական մակարդակը, այլ ոչ թե հայերենի հաշվին ուժեղացվի օտար լեզուն։ Իսկ եթե անհրաժեշտություն կա օտար լեզուների ուսուցման, ապա թող բացվեն օտար լեզուների թեքումով դպրոցներ։

ՍԴՀԿ ատենապետը հայտարարեց, որ պետք խափանել օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարը եւ հորդորեց ԱԺ պատգամավորներին՝ երբեմն իմաստուն լինել, ազգային մոտեցում դրսեւորել եւ դեմ քվեարկել կառավարության նախաձեռնությանը։ Նա միաժամանակ ցավ հայտնեց, որ ԱԺ-ում չկա գեթ մի պատգամավոր կամ խմբակցություն, որը չուղղորդվի ԱԺ նախագահի կողմից։