Հայաստանում կարող է հայտնաբերվել 1 մլն բարել նավթ 6 մլրդ խորանարդ ֆուտ գազ (շուրջ 169 մլն խորանարդ մետր - խմբ.): Այս մասին նշվում է տեխնիկապես արդյունահանելի նավթի ու գազի չհայտնաբերված, սակայն հնարավոր պահուստների վերլուծությունում: Այն 2014 թվականին պատրաստել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS):
Գնահատականը հիմնված է երկրաբանական կառույցների առկայության վրա, որոնք բնորոշ են նավթի ու գազի հանքավայրերին, ինչպես նաեւ հնարավոր «թակարդների» ձեւերի ու տեսակների վրա (երկրակեղեւում նավթի ու գազի բնական պահեստներ) եւ հանքաքարերի տարիքի վրա: Գիտնականները նավթի ու գազի համար հեռանկարային են համարում ե՛ւ հին, ե՛ւ համեմատաբար երիտասարդ հանքաքարերը:
USGS-ի մասնագետներն ընդհանուր առմամբ առանձնացրել են 4 շրջան: Դրանցից յուրաքանչյուրը ներառում է տարածքներ, որոնք հեռանկարային են ինչպես նավթի ու գազի, այնպես էլ թերթաքարային գազի համար (ածխահանքերի մեթան):
«Հեռանկարային» բառն այստեղ մեծ հաշվով պայմանական է. 4 գոտիներից միայն մեկում է նավթի ու գազի առկայությունը 10 կամ ավելի տոկոսով հավանական: Այդ շրջանը Հայաստանի կենտորում է Աշտարակ, Աբովյան, Հրազդան քաղաքների եը Սեւանի արեւտյան ափերի մջեւ, որտեղից դեպի հարավ է ձգվում: Այլ կերպ ասած՝ USGS-ն Հայաստանը երկրորդ Քուվեյթ չի դարձնում:
Թերթաքարային գազի մեկ այլ հավանական հանքավայր ձգվում է Հայաստանի արեւմտյան սահմաններից (որտեղ միանում են Ախուրյան ու Արաքս գետերը) մինչեւ Զանգեզուրի լեռնաշղթայի սկիզբը: Շրջանը ներառում է Արաքսի հակառակ ափը (այժմ՝ Թուրքիայի տարածքում), Հայաստանին սահմանակից Նախիջեւանի շրջանները:
Նշենք, որ արեւմտյան երկրաբանական հաշվետվություններում խորհրդային տվյալները բերվում են լուրջ տարբերություններով: Պատճառն այն է, որ հորատման այն ժամանակվա տեխնոլոգիայի պայմաններում արդյունահանումը կազմում էր միջինը 40 տոկոս, իսկ այժմ՝ ավելի քան 90 տոկոս, այստեղից էլ այն ժամանակվա կանխատեսումների ցածր հստակությունը:
Բայց այս անգամ ամերիկացիները որոշել են հենվել խորհրդային տվյալների վրա, եւ հիմնական տեղեկությունները բերել են 1974թ. գիտական հրապարակումից: Այնուամենայնիվ, աշխատանքը Հայաստանի վերաբերյալ այն ժամանակվա լավագույն հետազոտություններից մեկն է. հեղինակներն են ճանաչված երկրաբաններ Սերգեյ Մկրտչյանը, Իվան Մաղաքյանը, ինչպես նաեւ Խորհրդային Հայաստանում ու ամբողջ Հարավային Կովկասում երկրաբանության դասականներից մեկը հանդիսացող Կոնստանտին Պաֆենգոլցը:
Տխուր զուգադիպությամբ՝ այդ հեղինակների մասին արդի Հայաստանում փորձում են մոռանալ: 2011 եւ 2012 թվականներին Սերգեյ Մկրտչյանի (ՀԽՍՀ ԳԱ նախկին փոխնախագահ) եւ Արշալույս Գաբրիելյանի (Հայաստանի ԳԱԱ Երկրի մասին գիտությունների բաժնի քարտուղար) 100-ամյակը Գիտությունների ակադեմիան չնշեց: Իսկ Կոնստանտին Պաֆենգոլցի մասին քիչ գիտեն նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքվում են հայկական գիտությամբ: Հնարավոր է՝ այն պատճառով, որ Հայաստանում շատ են սիրում հիշել արտասահմանի հայերի մասին, սակայն դժկամությամբ են ճանաչում Հայաստանում ոչ հայերի կատարած ներդրումը:
Իսկ ահա ամերիկացիները, ինչպես միշտ, զերծ են նախապաշարմունքներից. պետք է գրել Հայաստանի նավթի ու գազի մասին՝ գրել են: Պետք էր օգտվել խորհրդային տվյալներից՝ օգտվել են:





























