«Այն, ինչ կատարվեց հայոց լեզվի եւ գրականության քննությունից հետո՝ լարվածություն, նյարդային մթնոլորտի ձեւավորում եւ հասարակական թվացյալ հնչեղություն այդ ամենի շուրջ, իմ խորին համոզմամբ՝ արհեստածին են. հնարավոր է՝ դրանում կար իմ, ձեր, բոլորի մեղավորությունը կամ միամտությունը»,- հունիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասւլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար, ավարտական եւ ընդունելության քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը։
Նրա կարծիքով, քննական շրջանում լարված իրավիճակներից խուսափելու համար որոշ հարցեր առհասարակ չպետք է քննարկվեն կամ պետք է քննարկվեն ավելի հարմար պահի։ «Երեխաներին եւ հասարակությանը նախօրոք կարիք չկա գրգռել, որովհետեւ մարդիկ, ովքեր սիրում են ինտրիգներ, պետք է հասկանան, որ գործ ունեն երեխաների հետ»,- նշեց Մկրտչյանը։ ԿԳ փոխնախարարի համոզմամբ, հայոց լեզվի թեսթերի շուրջ բարձրացված մեծ աղմուկը որոշ մարդկանց ձեռքի գործն է, որոնց անունները նա, սակայն, չցանկացավ նշել։ «Եթե հիշում եք, անցած տարի թեսթերի վերաբերյալ դժգոհություններն ավելի շատ էին, սակայն այս անգամ, չգիտես ինչու, քննարկումների մթնոլորտն ավելի անառողջ ստացվեց։ Սակայն կարող եմ հավաստիացնել, որ հայոց լեզվի եւ գրականության թեսթեր կազմողներն հատկապես այս տարի ջանասիրաբար են աշխատել դրանց վրա, այնպես որ նրանց ինչ-որ բանում մեղադրելը կամ պատասխանատվության ենթարկելը ճիշտ չէր լինի. ինչո՞ւ պետք է մենք նրանց պատժենք»,- հռետորական հարց հնչեցրեց Մանուկ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ վերջիններս թեսթերը կազմել են հանրակրթական դպրոցի մակարդակով։ «Երեխան պարտավոր չէ իմանալ մասնագիտական մանրամասներ, բավական է միայն տիրապետել դասագրքային մակարդակին։ Եթե երեխաները թեսթերը լրացնեին այնպես, ինչպես ցույց է տրված դասագրքերում, ոչ ոք նրանցից ավել բան չէր պահանջի»,- նկատեց Մկրտչյանը։
Անդրադառնալով հայոց լեզվի եւ գրականության քննության գնահատականների հնարավոր բարձրացման գործընթացին՝ ԿԳ փոխնախարարը շտապեց տեղեկացնել, որ դիմորդների ակնկալիքները չպետք է առանձնապես մեծ լինեն։ «Նախատեսվում է վերանայել ոչ բոլոր, այլ ընդամենը 3-4 առաջադրանքներ, որոնք էլ դիմորդների գնահատականը կբարձրացնեն 0,5-1 բալով։ Այնպես որ, 3-4 բալի բարձրացման հույսեր չարժե փայփայել»,- զգուշացրեց նա՝ հավելելով, որ վերստուգումների պաշտոնական տվյալները կհրապարակվեն հունիսի 23-ից հետո։


























