Վերջին տարիներին զբոսաշրջության նպատակով Հայաստան են սկսել գալ նաեւ Թուրքիայի քաղաքացիներ: NEWS.am-ը ներկայացնում է օրեր առաջ Հայաստան այցելած թուրք զբոսաշրջիկ Օզջան Գյորենի տպավորությունները:
«Սիրում եմ շրջել, տեսնել նոր երկրներ ու ծանոթանալ նրանց մշակույթին եւ պատմությանը: Թեեւ Հայաստանը Թուրքիայի հարեւանն է, սակայն մի շարք պատճառներով չէի կարողանում այցելել Հայաստան, մինչ վերջերս իմացա Հայաստան գնացող խմբի մասին եւ միացա:
Մինչ Հայաստան գալը մեր խումբը շրջեց Վրաստանում, այդ թվում Թբիլիսիում եւ իրոք, շատ տպավորված էինք քաղաքային իշխանությունների կողմից քաղաքին ուղղված ուշադրության համար: Ճիշտն ասած՝ չէինք սպասում տեսնել նման գեղեցիկ ու խնամված քաղաք:
Հայաստան մտնելիս բոլորիս մոտ թեկուզ ոչ առեւերույթ, բայց ներքին վախ կար, որ ուր որ է սահմանին մեզ արդեն սրերով են սպասում...:
Բայց սահմանին նորմալ մարդիկ էին, ավելին, սահմանապահները շատ ջերմ ընդունեցին, իսկ նրանցից մեկը թուրքերենով էր մեզ պատասխանում: Այդտեղ մենք արդեն փոքր-ինչ հանգստացանք եւ մտանք Հայաստան: Ճանապարհները շատ վատն են, իսկ Ալավերդիից դեպի Վանաձոր կոչվող քաղաք գնացող ճանապարհի մի քանի թունելները կարծես հատուկ սարսափ ֆիլմերի համար պատրաստած լինեին: Հնարավոր չի պատկերացնել, որ 21-րդ դարում միջհանրապետական ճանապարհին նման անմխիթար եւ անբարեկարգ թունել կարող է լինել:
Սակայն Երեւանում ամեն ինչ այլ էր՝ եվրոպական քաղաք, լուսավոր ու լայն փողոցներ, համաշխարհային բրենդներ ներկայացնող խանութներ: Մեր հյուրանոցը քաղաքի բուն կենտրոնից մի փոքր հեռու էր, լավ կահավորված էր ու մաքուր, սակայն սպասարկողները թեեւ փորձում էին բարեհամբույր լինել, բայց կարծես չունեին զբոսաշրջիկի հետ շփվելու փորձ:
Առավոտյան արդեն մեկնեցինք Կասկադ կոչվող բարձրադիր մի վայր, որտեղից երեւում էր Երեւանը: Զբոսավարը ներկայացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետին, ում նախագիծն է եղել նաեւ Կասկադը, որը, ցավոք կիսատ էր մնացել: Անմիջապես հիշեցի Ստամբուլում հայ ճարտարապետների կառուցած գեղեցիկ շենքերը եւ համոզվեցի, որ աշխարհի լավագույն ճարտարապետները հայերն են:
Ճաշին մի գեղեցիկ ռեստորան գնացինք, զբոսավարը հայկական ուտեստներ էր պատվիրել, որոնք շատ հավանեցինք եւ որոշեցինք, որ հաջորդ օրը երեկոյան ընթրիքին կրկին նույն տեղն ենք գալու: Հավանեցինք նաեւ գները, որոնք Թուրքիայի գներից շատ ավելի մատչելի էին:
Հաջորդ օրը արդեն գնացինք գեղեցիկ բնություն ունեցող եւ հանգստավայր հանդիսացող Դիլիջան: Այնտեղ մի հին փողոց կար, որը վերանորոգել էին ու տուրիստական փողոց էին դարձել: Շենքերը լավ էին վերանորոգել՝ համադրելով հնի հետ: Հուշանվերների խանութներ կային, սակայն գները սարսափելի թանկ էին եւ մեր հարցին ինչու են այդպես թանկ՝ պատասխան չստացանք:
Հաջորդ մեր կետը Սեւանն էր, յուրահատուկ գույն ուներ, խմբի մի մասը որոշեց լողալ: Ափին անճաշակ երկաթե եւ փայտյա կառույցներ էին, որոնք որպես հյուրանոց կամ ռեստորան էին ծառայում, բայց Սեւանում լողալը ստիպեց մեզ մոռանալ այդ անճաշակ կառույցներն այդ գեղեցիկ լճի ափին:
Երեւանում կյանքը երեկոյան շատ աշխույժ էր՝ գեղեցիկ սրճարաններ, ակումբներ, ռեստորաններ: Մեր զբոսավարը խորհուրդ տվեց այցելել ջազ ակումբ, որին հետեւեցին խմբի գրեթե բոլոր անդամները: Պետք է նշեմ, որ բոլորս ապշած էինք լսել նման բարձրաճաշակ ջազ: Նման լավ երաժշտություն լսելուց հետո մենք մեր վճարած հաշվին կարեւորություն չտվեցինք, թեեւ նկատեցինք, որ փոքր ինչ թանկ էր մեր այցելած մյուս հաստատությունների համեմատ:
Հայաստան այցի ընթացքում հասկացա, որ Թուրքիայում հայերի նկատմամբ լրիվ սխալ պատկերացում կա եւ գոնե մեկ անգամ պետք է գալ Հայաստան ու համոզվել դրանում: Մենք մտածում էինք, որ ասենք մեր ազգությունը, գուցե խնդիրներ լինեն, բայց ընդհակառակը, մեր նկատմամբ շատ բարյացակամ էին ու շատ դեպքերում օգնում էին գտնել այս կամ այն վայրը»:





























