Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հայաստանում չորրորդ անգամ կնշվի Երաժշտության տոնը: ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով այս տարի եւս նախաձեռնությանը կմիանան ՀՀ մարզերը: Մասնավորապես՝ 7 մարզերի (Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Արմավիր, Կոտայք) 24 քաղաքներում եւ գյուղերում կկայանան համերգներ՝ տեղի ստեղծագործական ներուժի մասնակցությամբ:
Երեւանյան համերգների ցանկ.
11:00-13:00 - Անգլիական այգի - Մանկապատանեկան փողային նվագախմբերի համերգ,
13.00-15.00- ՀՀ Ազգային ժողովի բակ - «Ունիսոն» հասարակական կազմակերպության համերգ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի բարձր հովանու ներքո,
20.00-22-00-Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգի - Հայաստանի երաժշտական ընկերության «Դոմինանտուս» կամերային նվագախմբի եւ երգչախմբի համերգ,
20.00-23.00- Ազնավուրի հրապարակ (Մոսկվա կինոթատրոն) - Ռոք համերգ
20.00-24.00- Սիրահարների այգի – Ջազ եւ ֆոլկ, ինչպես նաեւ «Օգրը դը Բարբակ» եւ «Լավաշ» ֆրանսիական էթնո-ջազ խմբերի համերգ: Ֆրանսիական խմբերը համերգներով հանդես կգան նաեւ Արթիկում, Գյումրիում, Վանաձորում, Մեծամորում, Արտաշատում եւ Գորիսում:
Բացի այդ, ողջ երեկոյի ընթացքում համերգներ կլինեն Աբովյան փողոցի սրճարաններում ու ռեստորաններում:
Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Երաժշտության տոնն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է եւ տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում եւ 430 քաղաքներում: Այն ժողովրդական տոն է եւ նպատակ ունի հանրամատչելի դարձնել երաժշտական փորձն ու բոլոր սերունդներին հաղորդակից դարձնել երաժշտության տարբեր դրսեւորումներին, ինչպես նաեւ հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ կատարողներին՝ ինքնադրսեւորվել հանպատրաստից համերգների միջոցով:


























