«Արցախի Հանրապետություն» անունը կրող նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով Ղարաբաղում ստորագրահավաք է սկսում ի օգուտ ԼՂՀ-ն Արցախի Հանրապետություն վերանվանելու, ազատագրված տարածքները ազգային շահերի կենսական կարեւորության գոտի հայտարարելու եւ դրանք բնակեցնելու նպատակով դրամագլուխ ստեղծելու:
Նախաձեռնող խմբի 6 անդամների ստորագրությամբ հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.
«Մենք` ներքոստորագրողներս, համարելով „Արցախի Հանրապետություն“ նախաձեռնող խմբի կողմից հայտարարած դրույթները, որպես գաղափարախոսական հենք ապագա անելիքների համար, որոշում ենք որպես վերջնական նպատակ հասնել նրան, որ՝
1. „Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը“ վերանվանվի „Արցախի Հանրապետության“:
2. Ազատագրված տարածքները հայտարարվեն որպես ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի:
3. Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ`ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և դրանով իսկ Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար»:
Այս կետերի պաշտպանության նպատակով նրանք ստորագրահավաք են սկսում Ղարաբաղում:




























