Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են մի շարք այլ հարցեր, որոնք գուցեեւ ավելի պակաս կարեւոր չեն, քան օտարալեզու դպրոցների մասին նախագծերը: Խոսքը վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումներին, որոնց վերաբերյալ կառավարությունը ներկայացրել է օրինագծերի բավական տպավորիչ փաթեթ:
Ըստ այդմ` 2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգը, իսկ պարտադիր կուտակային համակարգին անցում կկատարվի 2014 թ. հունվարի 1-ից:
Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայում ընդգրկված են ե՛ւ բանկերը, ե՛ւ ներդրումային ընկերությունները, ե՛ւ ապահովագրական ընկերությունները: Սակայն պարտադիր կուտակային կենսաթոշակի համար պետք է ապահովագրվել բացառապես կենսաթոշակային հիմնադրամներում: Կամավոր կուտակային համակարգը կարելի է դիտարկել նաեւ որպես անցումային փուլ դեպի պարտադիր համակարգ, որի ընթացքում հայաստանյան ֆինանսական կազմակերպությունները պետք է հարմարվեն նոր շուկայական գործիքին` հետագայում մասնագիտացված կենսաթոշակային հիմնադրամներ ստեղծելու համար: Կենսաթոշակային հիմնադրամը լինելու է ներդրումային հիմնադրամի մի տարատեսակ:
Քանի որ օրենսդրական այս փաթեթի ընդունումը կասկած չի հարուցում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեղյակ լինի, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից կարող է դիմել առեւտրային բանկին կամ լիցենզիա ունեցող որեւէ այլ ֆինանսական ինստիտուտ` ապագայում թոշակ ստանալու համար մուծումներ կատարելու նպատակով: Եթե քաղաքացին պայմանագիր կնքի ապահովագրական ընկերության հետ, ապա ծերության ընթացքում ցմահ կարող է ստանալ հստակ չափով կենսաթոշակ, որը կախված չի լինի կուտակային վճարների ընդհանուր գումարից: Սակայն տվյալ դեպքում քաղաքացին պետք է ապահովագրական ընկերության հետ համաձայնեցնի կուտակային վճարի չափը:
Ըստ օրենքի` 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի պետք է անցնեն 1974 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացիները, այսինքն` որոնք կլինեն մինչեւ 40 տարեկան: 40-ն անց քաղաքացիները նույնպես կարող են միանալ համակարգին, սակայն այն պայմանով, որ հետագայում իրենց որոշումը փոխել չեն կարող: Հաշվի առնելով, որ պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը ներդրվելու է 3 տարի անց, NEWS.am-ը դրան կանդրադառնա ավելի ուշ: Հիմա, թերեւս, մեր քաղաքացիներին ավելի կհետաքրքրի կամավոր կուտակային կենսաթոշակը:
Ապահովագրական ընկերության հետ կամավոր կուտակային կենսաթոշակի պայմանագիրը կնքվում է ցմահ եւ ժամկետային կենսաթոշակների վճարման համար:
Բանկերը կարող են առաջարկել միայն «կուտակային կենսաթոշակային ավանդներ»: Այսինքն` բանկերից կենսաթոշակ կարելի է ստանալ միայն որոշակի ժամկետում, այլ ոչ թե ցմահ, ինչպես ապահովագրական ընկերության դեպքում էր: Քաղաքացին տվյալ դեպքում ինքնուրույն է որոշում, թե որքան գումար փոխանցի իր կենսաթոշակային ավանդին:
Ներդրումային հիմնադրամները կամ այլ կերպ` կամավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակային վճարներ», այսինքն` կատարված կուտակային վճարները հաշվարկվում են բազային եկամտի որոշակի տոկոսի չափով կամ որեւէ այլ կանոնավոր հիմքով եւ հաշվեգրվում են կենսաթոշակային հաշիվների վրա, իսկ կենսաթոշակի չափը կախված է կուտակային վճարներից եւ այդ վճարների ներդրումների եկամտաբերությունից: Այս սխեման նույնպես բացառում է ցմահ կենսաթոշակի վճարումը:
Քաղաքացիներից շատերին մտահոգում է այն փաստը, թե որքանով իրենց ներդրումները երաշխավորված կլինեն հետագայում թոշակ ստանալու համար: Այստեղ, թերեւս, երաշխիք կարելի է դիտարկել այն սահմանափակումները, որ գործելու են կենսաթոշակների կառավարիչների համար: Մասնավորապես` արգելվելու են միջոցների տեղաբաշխումը անշարժ գույքի մեջ, կամ վերածելը ոսկու ու այլ թանկարժեք մետաղների: Միջոցները կամ պետք է ավանդադրվեն, կամ վերածվեն արժեթղթերի: Արժեթղթեր կարելի է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Օտարերկրյա արժեթղթերից թույլատրվելու է ձեռք բերել բացառապես ՏՀԶԿ պետությունների պետական կամ մասնավոր արժեթղթեր, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերը, որոնք կբավարարեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:
Սամվել Ավագյան




























