Ադրբեջանական 1news.az կայքը անդրադարձել է Ադրբեջանի ժամանակակից հասարակության ինտելեկտուալ մակարդակի ու կրթվածության խնդրին։ Օգոստոսի 11-ին հրապարակված «Դասականներին հարկավոր է մերթ ընդ մերթ կարդալ…» հոդվածի հեղինակն արձանագրում է. «…խորհրդային ժամանակներում ադրբեջանցիները ԽՍՀՄ տարածքի ամենաընթերցասեր ժողովուրդը չէին։ Ընթերցանությանը սիրահարվածները, իրենց գրադարանը մշտապես թարմացնողները, մեծապես, միայն մեր երկրի մայրաքաղաքի բնակիչներն ու շրջանների ինտելիգենցիայի ներկայացուցիչներն էին…»

«Տարբեր պատճառներով, այդ թվում և Ադրբեջանի անկախության ձեռք բերման առաջին տարիներին երկրում տիրող անկայունության պատճառով, հայ-ադրբեջանական, ղարաբաղյան զինված հակամարտության պատճառով Բաքվից հեռացան ընթերցասեր զանգվածի հիմքը կազմող մարդիկ։ Սոցիալ-տնտեսական պատճառների ու փոփոխվող առաջնահերթությունների հետևանքով գիրքը դադարեց լինել Բաքվում լավագույն նվերը, իսկ լավ գրադարանը՝ բնակարանի տիրոջ պարծանքի առարկան»,- գրում է հեղինակը, ամենայն հավանականությամբ հասկանալով, որ իր նշած իրադարձությունների արդյունքում Բաքվից ու Ադրբեջանի մյուս շրջաններից հեռացել են հիմնականում հայերն ու ռուսները, որոնք իսկապես կազմում էին Ադրբեջանական ԽՍՀ բնակչության ինտելեկտուալ ու մշակութային հիմքը։

Այնուհետև հեղինակը հիշեցնում է, որ վերջին ոչ լրիվ 70 տարիների ընթացքում Ադրբեջանում 3 անգամ փոխվել է այբուբենը, ինչը նույնպես բացասաբար է անդրադարձել ադրբեջանական միջավայրի ընթերցասեր զանգվածի վրա։ «Քանզի ոչ բոլորը հեշտ ու հանգիստ կարողացան սովորել նոր այբուբենը, ինչով զրկեցին իրենց երկրում հրատարակվող նոր, ժամանակակից գրականություն կարդալու հնարավորությունից»,- եզրակացնում է հոդվածագիրը։

Լիովին համաձայնելով հոդվածագրի հետ պատմական ու մշակութային զարգացման անբավարարության պատճառով գրերից զրկված ժողովրդին բաժին հասած ծանր բեռի հարցում, այնուամենայնիվ, նրա հետ կարելի է վիճել համատարած քարոզչական գրականությունից բաղկացած ադրբեջանական ժամանակակից գրատպության արտադրանքի ուսումնասիրման պլյուսների ու մինուսների, ինչպես նաև Մեհրիբան Ալիևայի հիմնադրամի գրանտային աջակցության վրա նստած հեղինակների պատմականության ձգտող երկերի վերաբերյալ։ Արժի՞ արդյոք այդ ամենը մերթ ընդ մերթ կարդալ։ Հարցը հռետորական է…

«Գիրք կարդացող մարդկանց ավելի ու ավելի փոքրացող թվի պատճառներից ևս մեկը, անկասկած, Ադրբեջանի անկախացման առաջին տարիներին քարոզվող քաղաքական կողմնորոշիչների փոփոխությունն է, ինչի արդյունքում մեր երկրում սկսեցին բարիք համարել այն ամենը, ինչ կապված է Թուրքիայի հետ»,- շարունակում է հեղինակը,- «դուրս մղվող ռուսախոսությանը փոխարինելու եկավ թրքախոսությունը»։ Եվ այստեղ չի կարելի չնշել, որ, ինչպես գրել էր թուրքական «Ռադիկալ» թերթը, Կրթության ոլորտի աշխատողների անկախ արհմիության տվյալների համաձայն, միջին վիճակագրական թուրքը 10 տարում կարդում է մեկ գիրք։ Այդ վիճակագրությունից բխող ադրբեջանցիների ինտելեկտուալ զարգացման հեռանկարների վերաբերյալ եզրահանգումները շատ պարզ են։