Փոքր բիզնեսի վերահսկողության գլխավոր թիրախներից մեկը մեծ բիզնեսն է: Այդ մասին այսoր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողներին հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր ԱԺ Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ բյուջեի եկամուտների 82%-ը (1 տրլն 50 մլրդ դրամ) ապահովում են 1000 խոշոր հարկատուները:
Հարկային հաշվետվություն ներկայացնող բիզնեսի 80 հազար ակտիվ սուբյեկտները գտնվում են շրջանառության հարկի դաշտում, այլ ոչ թե ԱԱՀ-ի, քանի որ նրանց տարեկան շրջանառությունը 58,35 մլն դրամից ցածր է: Սակայն դրանցից 25-30-հազարի շրջանառությունը մինչեւ 10 մլն դրամ է: Նրանք բոլորը վճարում են միայն 20 մլրդ դրամ կամ բյուջետային եկամուտների մոտ 1,2%-ը: Սա նշանակում է, որ հարկային ծառայության կողմից նրանց վերահսկելու համար նոր ռեսուրսներ ծախսելը անարդյունավետ է: «Եվ ոչ ոք էլ չի պատրաստվում նման բան անել: Այստեղ իմաստն այլ է. Նրանց փաստաթղթաշրջանառությունից պետք է պարզ լինի, արդյոք խոշոր բիզնեսը թափանցիկ է աշխատում նրանց հետ: Ուստի կառավարությունը նրանց ասում է. 3,5%-ի փոխարեն շրջանառության հարկ վճարեք ընդամենը 1%, սակայն հաշիվ-ապրանքագրերում նշեք մատակարարներին, որպեսզի խոշոր բիզնեսը չթաքնվի ձեզնով հնարավոր ստվերային շրջանառության նպատակով», - հավելեց Այվազյանը:



























