Տեմիրտաու քաղաքում (Ղազախստանի Կարագանդայի մարզ) փակել են «Սեւ նշան» ռադիոն, որտեղ հաղորդավարները հայհոյում են եւ նման բովանդակությամբ երգեր են միացնում, հաղորդում է «Tengrinews»-ը: Ռադիոկայանի հեռարձակումը դադարեցվել է նրա գործունեության ստուգումից հետո:

«Սեւ նշան» ռադիոյի եթերի լսումները ցույց են տվել, որ հաղորդավարներն իրենց խոսքում, ինչպես նաեւ երաժշտական ստեղծագործություններում, հայհոյանքներ են օգտագործում, ինչն անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ»,- հաղորդել է Տեմիրտաուի դատախազի տեղակալ Ժանկոզի Նակիշեւը:

Ընդ որում, նրա խոսքով՝ 105,1 FM հաճախականությունը «Սեւ նշանն» օգտագործում էր անօրինականորեն: Թույլտվության մասին որեւէ փաստաթուղթ ռադիոկայանի ներկայացուցիչները չեն ներկայացրել, ինչպես նշել է փոխդատախազը:

Ստուգումն իրականացնում է պետական ծառայության գործերով եւ կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտը:

«Սեւ նշանը», ինչպես հաղորդում է «Vkontakte»-ում նրա պաշտոնական էջը, Տեմիրտաու քաղաքում եթեր էր հեռարձակվում 2012թ.-ի օգոստոսից: Ռադիոկայանը ներկայանում է որպես ոչ առեւտրային: «Նախազգուշացնում ենք, որ մենք չգրանցված լրատվամիջոց ենք: Նման ԶԼՄ-ների գործունեությունը հակասում է օրենքին: Խորհուրդ չի տրվում նման ինչ-որ բան ստեղծել»,- նշվում է կայքում:

Այս պահին այնտեղ հայտարարություն է տեղադրված, որ «ձեւաչափի մաքրման» հետեւանքով հեռարձակումը երկար ժամանակով դադարեցվել է: