Հայաստանում անաշխատունակության նպաստների գործընթացում այժմ առկա են էական ռիսկեր եւ չարաշահումներ: Այդ մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Անաշխատունակության նպաստների գործընթացում այժմ առկա են էական ռիսկեր եւ չարաշահումներ, երբ պետությանը հասցվում է միլիարդավոր դրամի վնասներ:

Երբ մենք նայեցինք միջազգային փորձը, տեսանք, որ ամեն տեղ կան ակնհայտ սահմանափակումներ, սակայն հստակորեն պատկերացնելով խնդրի զգայունությունը, որոշեցինք միջազգային փորձից բխող այդ առաջարկները դնել լայն հանրային քննարկման: Ես, օրինակ, անձամբ կարծում եմ, որ, ասենք, մինչեւ մեկ տարի աշխատանքային փորձ ունեցող կանանց համար հաշվարկվող ծննդյան նպաստի հիմքը պետք է լինի աշխատավարձի առնվազն 60, եւ ոչ թե 40 տոկոսը, 1-3 տարվա փորձ ունեցողներինը՝ 70, եւ ոչ թե 60 տոկոսը եւ այլն: Իմ կարծիքով՝ սա քննարկման առարկա է, եւ ես պատրաստ եմ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ այդ հարցը քննարկել»,- նշել է վարչապետը:

Նա նկատել է, որ երբ հանրային, այդ թվում՝ խորհրդարանական քննարկումներն ավարտվեն, մենք արդեն կարող ենք հստակորեն ամփոփել եւ տալ վերջնական առաջարկներ՝ հստակորեն հետեւելով հանրությանն ականջալուր լինելու մեր կարգախոսին:

«Մեկ այլ օրինակ: Չմանրամասնեմ կենսաթոշակային բարեփոխումների երկարատեւ քննարկումների ընթացքն ու արդյունքները: Կարող եմ միայն հավաստել, որ այժմ աշխատող լուծումները չեն ծնվել ինչ-որ մեկի կաբինետում. դրանք հանրության տարբեր շերտերի հետ քննարկումների արդյունք են: Օրինակ, քիչ է լուսաբանվում այն փաստը, որ այժմ պետությունը համավճարում է նաեւ մինչեւ 50 տարեկան համակարգին կամավոր միացողների համար:

Այս դրույթը փուլ առ փուլ իրականացման դրույթի պես նախատեսված չէր նախնական դիզայնում: Սակայն լսելով մարդկանց, մենք հասկացանք, որ սա եւս պահանջված փոփոխություն է:

Կենսաթոշակային ապահովության բնագավառում Կառավարության գործունեության գերակա ուղղությունն է շարունակելու մնալ կենսաթոշակների չափերի շարունակական աճի ապահովումը, իսկ սոցիալական ծառայությունների ոլորտում՝ դրանց համալիր մատուցման խնդիրը»,- նշել է նա:

Վարչապետն ասել է, թե շարունակելու են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը: «Ամբողջությամբ կգործարկվեն համալիր սոցիալական ծառայությունների 29 տարածքային կենտրոններ, կշարունակվեն հանրապետության մնացած տարածաշրջաններում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համար հատկացված շինությունների վերանորոգման ու վերազինման աշխատանքները:

Ինչպես ցույց է տալիս ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կենսագործման փորձը, այն կարեւոր օղակ է ոչ միայն մարդկանց հրատապ խնդիրները լուծելու, այլեւ մարդկային կապիտալի պահպանման եւ զարգացման տեսակետից»: