Խորհրդարանական եռյակն այսօր հանրահավաք չի անցկացնի, թեեւ Երեւանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում զանգվածային հավաք անցկացնելու մասին, NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Ոչ միայն այսօր, այլեւ նոյեմբերի 7-ին եւ 14-ին հանրահավաք անցկացնելու թույլտվություն կա: Սակայն դա չի նշանակում, որ հանրահավաք անցկացնելը միանշանակ նախատեսվում է: Նման որոշում մենք դեռ չունենք», - պարզաբանել է Զոհրաբյանը: Ի պատասխան հարցին, թե չեն վախենում արդյոք իրենց համակիրներին հիասթափեցնելուց` սպասված հանրահավաքները չանցկացնելով, Զոհրաբյանը պատասխանել է, որ իրենք գնահատում են հասարակության համբերությունը: «Հասարակության տաբեր շերտեր տարբեր ակնկալիքներ ունեն, սակայն միշտ հաղթում են այն շարժումները, որոնք առաջնորդվում են խելացի եւ տրամաբանական մոտեցմամբ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին NEWS.am-ին հայտնեց, որ, հնարավոր է, խոսքը այլ միջոցառում անցկացնելու մասին է: «Խորհրդարանական եռյակը այսօր հանրահավաք անցկացնելու որոշում չունի, սակայն չեմ կարծում, որ եթե եռյակը հանրահավաք չանցկացնի, դա կհիասթափեցնի ժողովրդին: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել ամեն ուրբաթ հանրահավաք անցկացնել: Հանրահավաք անպայման կլինի, սակայն երբ՝ խորհրդարանական եռյակը դեռ չի որոշել»:
Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 7-ին եւ 14-ին 16:00-ից մինչեւ 23:00-ն Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:




























