Վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճ է գրանցվել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի գործնախարար Դեւիդ Լիդինգոթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նալբանդյանը գոհունակությամբ փաստեց, որ վերջին ժամանակներս երկու կողմերի միջեւ ակտիվացել են քաղաքական երկխոսությունն ու տնտեսական կապերը: «Այսօր երկկողմ հարաբերությունների, դրանց ամրապնդման ու զարգացմանն ուղղված մի շարք հարցեր քննարկեցինք», - նշեց նախարարը: Այսօրվա դրությամբ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մոտ 10 ստորագրված փաստաթուղթ է գործում: Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել իրավապայմանագրային դաշտը: Նախարարը փաստեց նաեւ խորհրդարանների միջեւ ակտիվ շփումները:

ՀՀ արտգործնախարարը հայտնեց, որ բրիտանացի նախարարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Փարիզում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Կողմերն անդրադարձել են նաեւ Սիրիայի եւ Իրաքի վիճակին, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորման կարեւորությանը, քննարկել իրանական միջուկային հարցը:

Իր հերթին, Դեւիդ Լիդինգթոնը նշեց, որ նախարարի պաշտոնում սա իր երկրորդ այցն է Հայաստան: Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են: Նախարարն ընդգծեց, որ հայկական կողմի հետ պատրաստ է քննարկել քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցերը: