2015թ. կառավարությունը պետբյուջեից կֆինանսավորի դպրոցական սննդի ծրագիրը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ Վայոց Ձորի մարզում՝ ամենափոքր տարածքում, ծրագիրն արդեն մեկնարկել է, իսկ Սյունիքի մարզում կմեկնարկի 2015թ.-ին: Հետագայում ծրագիրը կտարածվի նաեւ ողջ հանրապետությունում:

«Այս տարվա աշնանից պետբյուջեի տնտեսած միջոցների հաշվին մենք սկսեցինք ֆինանսավորումը, իսկ 2015թ. նախագծում կամրագրենք՝ որպես ինքնուրույն ծրագիր», - հայտարարեց նախարարը: Այդ երկու մարզերի համար 203,4 մլն դրամ կհատկացվի կամ մոտ 495 հազար դոլար: Մի շարք դպրոցներում, հնարավորության դեպքում, սնունդը կլինի տաք, մյուներում կտրամադրվեն թխվածքաբլիթներ, կաթ, մածուն կամ հյութ:

Շարունակվում է նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի միջոցների հաշվին Արարատի մարզի դպրոցական սննդի նախագիծը: Դրան կհատկացվի 330 մլն դրամ (802 հազար դոլար):

Մի շարք դեպքերում կարելի է տնտեսել անձնակազմի ծախսերի հաշվին՝ ծրագրում ծնողների ներգրավման միջոցով: «Ծնողները կարող են հսկել խոհանոցը, իրենց իսկ երեխաների համար ճաշ պատրաստել: Գյուղերում, դա բավականին իրատեսական է: Դա կհանգեցնի միջոցների խելամիտ տնտեսմանը, ինչի հաշվին ծրագիրը հնարավոր կլինի ընդլայնել: Այդ մոտեցումը կարելի է համարել արդարացված. մենք կտրամադրենք մթերքը, ցույց կտանք սառնարանները, սալօջախները: Թող տեղի բնակչությունն էլ որոշակի մասնակցություն ունենա», - հայտարարեց Աշոտյանը: