ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին արդեն ժողովուրդն էլ չի հանդուրժում: Այսօր` նոյեմբերի 4-ին, այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Նրա խոսքով` նույնիսկ խորհրդարանական ոչ իշխանական եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքների ժամանակ է պարզ երեւում, որ ՀԱԿ առաջնորդին չեն հանդուրժում:
«Եռյակի հանրահավաքին չէին թողնում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել, հենց խոսում էր` գոռում էին Գագիկ Ծառուկյան եւ ծափահարում: Ինքս` որպես նախագահի թեկնածու, տեսնում եմ Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին, բայց թող նորից ղարաբաղցի չլինի: Ժողովուրդը այս մեկը չի հանդուրժի, թող նոր նախագահը միայն Ղարաբաղից չլինի»,- նշեց Կարապետյանը:
Լրագրողների հարցին, թե ինչու պետք է տարանջատում մտցնել ղարաբաղցի-հայաստանցի, Տիգրան Կարապետյանը նշեց, որ ինքը գյուղերում հանդիպումներ է անցկացնում եւ ժողովուրդն էլ չի ցանկանում, որ ղարաբաղցի լինի Հայաստանի հաջորդ նախագահը:





























