Մեկ ամսվա ընթացքում «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների նկատմամբ պարտքի մարման հարցի լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում փոխնախարարը նշեց, որ ռուսական «Ռոսնեֆթի» կողմից իրականացվող նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման ժամկետների ավարտը սահմանված չէ: «Ցանկացած դեպքում մեկ ամիս անց մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք ընդհանուր «Նաիրիտի» հարցի շուրջ», - հավաստիացրեց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ «Նաիրիտի» քիմիական գործարանի պարտավորությունը (2010թ.-ից գործունեությունը դադարեցրած քլորոպրենայինկաուչուկի արտադրող) կազմում է 102,8 մլրդ դրամ (մոտ 250 մլն դոլար): Դրանցից ԱՊՀ-ի Միջպետբանկի չմարված վարկը կազմում է 63,1 մլրդ դրամ, բյուջեի գծով պարտքը 8 մլրդ դրամ, աշխատավարձի գծով պարտավորությունը՝ 5 մլրդ դրամ: Վերջինը վճարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի եկամտի հաշվին:




























