Ստեփանակերտում, այսօր՝ նոյեմբերի 4-ին, տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) անդրանիկ նիստը։

Ողջունելով նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է Արցախի երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը։

Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորանքի ուղերձ է հղել ու արդյունավետ գործունեություն մաղթել  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։

Այնուհետեւ տեղի է ունեցել ԵԽ անդամների  երդման արարողությունը:

Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկված են  ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների եւ ինքնաառաջադրման կարգով ընտրված ներկայացուցիչներ, ընդհանուր թվով  33 երիտասարդ՝  ԼՂՀ ԱԺ պատգամավորական կազմին համանման։

Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների ձեւավորումը եւս կատարվել է ԱԺ-ում գործող յոթ  մշտական հանձնաժողովների նմանությամբ: Ժամանակավոր  կարգի համաձայն, երիտխորհրդարանի նախագահ է հաստատվել հանձնաժողովների նախագահներից Սեւակ Հակոբյանը: