Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ՀՆԱ-ի իրական աճը 2014թ. եւ 2015թ. կնվազեցվի մինչեւ 5,5% եւ 5,6%՝ հակառակ հոկտեմբերյան համապատասխանաբար 6,2% եւ 6,4% կանխատեսումներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տարածաշրջանային տնտեսությունենրի հեռանկարների մասին Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը:
Հիմնադրամի գնահատումներով՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տնտեսական ակտիվությունը նվազում է, մասնավորապես, Ռուսաստանի հետ կապված տարածաշրջանային լարվածության ուժեղացման պատճառով, որն այդ երկրներում հիմնական առեւտրային գործընկերներից եւ դրամական փոխանցումների աղբյուրներից է:
«Ռուսաստանի ներքին պահանջարկի թուլացումն ու աճի դանդաղեցման երկրորդային էֆեկտները հանգեցնում են Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական աճի նվազեցմանը՝ 2014-2015թթ. մինչեւ 5,5%», նշվում է ԱՄՀ-ի հաշվետվությունում:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աշխարհաքաղաքական լարվածության հետագա խորացումը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար զգալի հետեւանքներ կարող է ունենալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ հեռանկարում: ԱՄՀ-ի փորձագետների փոխանցումներով՝ նավթ արտահանող տարածաշրջանի երկրներում (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան), 2014թ. եւ 2015թ. տնտեսական աճը կկազմի 5,6% եւ 5,7%, մինչդեռ նավթ ներմուծող երկրներում (Հայաստան, Վրաստան, Ղրղզստան եւ Տաջիկստան)՝ 4,6% եւ 4,9%:





























