Հայաստանում վերջնականապես արգելվել է կոտրված ձվերի վաճառքը: ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության  անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է, որ եթե նախկինում նման ձվերը կարող էին գնել հրուշակեղեն, մակարոնեղեն եւ երշիկեղեն արտադրող ընկերությունները, ապա այժմ դրանց վաճառքն արգելված է ոչ միայն թարմ, այլեւ սննդամթերքի արտադրության մեջ վերամշակված տեսքով:

«Իսկ ոչ պարենային արտադրություն, որտեղ ձուն կարող են օգտագործել որպես հումք, Հայաստանում դեռ չկա», – հավելել է նա: Պաշտոնյան նշել է, որ 2010թ. ամռանը, երբ Հայաստանում ձվերի գերարտադրություն էր սկսվել (որին հաջորդեց շուկայում լճացում եւ կտրուկ անկում), մի քանի արտադրողներ ավելցուկի մի մասն Իրան էին արտահանել՝ սոսնձի արտադրության գործարան: 

Իսկ ՀՀ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի կարծիքով,  ամեն ինչ տեղը կգցի ձվերի վերամշակման եւ  սպիտակուցի, դեղնուցի եւ դրանց խառնուրդի պաստերիզացման գործարանը: «Այդ դեպքում գերարտադրությունը վերջնականապես կդադարի խնդիր լինելուց: Դրանից կբարձրանա նաեւ պարենամթերքի որակը: Ասենք,  մսի կոմբինատի համար ավելի հեշտ է պատրաստի հեղուկ ապրանք ստանալը, քան այն իրենք մաքրեն՝ ոչ հարմար պայմաններում», - հավելել է Ստեփանյանը: