Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «սուր է ճոճել» եւ սպառնացել զենքով: Ըստ haqqin.az-ի, ելույթ ունենալով Զինված ուժերի Ուսումնամարզական կենտրոնի երիտասարդ սպաների ավարտական հանդիսությանը՝ ադրբեջանական նախարարը հայտարարել է, որ «ազդեցիկ պետությունների եւ միջազգային կառույցների պաշտոնատար անձինք, օգտագործելով երկակի ստանդարտներ, Հայաստանի վրա ազդեցություն գործելու փոխարեն, աչք են փակում այն հանգամանքի վրա, որ միջազգային իրավունքի շրջանակում ճանաչված մեր տարածքները շարունակում են գրավված մնալ»:

«Ստեղծված իրավիճակում ադրբեջանական պետությունը ստիպված է դիմել հակամարտության կարգավորման ռազմական ուղու եւ պետք է ազատագրի իր գրավյալ տարածքները՝ ռազմական ուժ կիրառելով»,- հայտարարել է Հասանովը:

Այսպիսով, հայտարարելով հակամարտությունը կարգավորելու ցանկության մասին, ադրբեջանական կողմը տարբեր կերպ ցուցադրում է, որ չի ցանկանում գործնական քայլեր ձեռնարկել եւ կառուցողական գործել: Ավելի վաղ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջարկն ադրբեջանական կողմից նույն կերպ էր ընդունվել: