Հայաստանում 2013թ. եւ 2014-ի 9 ամիսներին հարկադրաբար մարմնավաճառության դրդելու փաստով հարուցված 12 քրգործերից 4-ի դեպքում հանցագործությունը կատարվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, 2-ը՝ Թուրքիայում, 6-ը՝ Հայաստանում: Այս մասին նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ նշված ժամանակահատվածում հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել 28 մարդ, որոնցից 13-ը չափահաս կանայք են, 2-ը՝ չափահաս տղամարդիկ, իսկ իգական սեռի ներկայացուցիչ 7 եւ արական սեռի ներկայացուցիչ 6 զոհեր հանցագործության կատարման պահին եղել են անչափահաս»,- ընդգծեց Պետրոսյանը: Հետագա աջակցություն ստանալու համար, շարունակել է նա, իրենց համաձայնությունն են տվել եւ ՀԿ-ներ ուղղորդվել 15 զոհեր: «Նրանցից բացի թրաֆիքինգի վտանգին ենթարկվելու սպառնալիքի տակ գտնվող եւս 14 մարդ է ուղարկվել ՀԿ-ներ, եւ նրանց որոշակի աջակցություն է ցուցաբերվել», - ասաց ոստիկանական պաշտոնյան: