Հին ժամանակներում «Մետաքսի ճանապարհը» եղել է առեւտրականների ճանապարհ, Կովկասից դեպի Ասիա եւ Եվրոպա թանկարժեք ապրանքներ տեղափոխող: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, նոր միջտարածաշրջանային «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի» տուրիստական երթուղու բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Թաիսը:
Դեսպանի խոսքով՝ «Մետաքսի ճանապարհը» հնագույն շրջանում տնտեսական տեսակետից մեծ կարեւորություն է ներկայացրել ու նաեւ միավորել է մարդկանց: «Մենք չպետք է մոռանանք, որ այդ ճանապարհը օգտագործվել է այլ երկրներ այցելելու եւ այլ մշակույթներ ուսումնասիրելու համար: Ներկայիս «Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանքը» նույն նպատակն է հետապնդում՝ փորձել նպաստել տարածաշրջանային, ինչպես նաեւ 4 երկրների ՝ Վրաստանի, Հայաստանի, Հունաստանի եւ Թուրքիայի զարգացմանը», - ընդգծել է Իոաննիս Թաիսը: Դեսպանը հավելեց, որ տուրիզմը այդ տարածաշրջանում կարեւոր հատված է: «Հույս ունենանք, որ ծրագիր խթան կհաղորդի տուրիզմի զարգացմանը», - եզրափակեց հունացի դիվանագետը:




























