Գլոբալ տաքացման հետեւանքով սպիտակ արջերի պոպուլյացիան այս դարի առաջին տասնամյակում կրկնակի կրճատվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության հետազոտությունը:

Փորձագետները 2001-2010 թվականներին հետեւել են սպիտակ արջերին ամերիկյան Ալյասկա, Յուքոնա նահանգներում եւ Կանադայի հյուսիս-արեւմտյան տարածքներում: Պարզվել է, որ այդ ընթացքում կենդանիների թիվը կրճատվել է մոտավորապես 1,6 հազարից հասնելով 900-ի: Նրանց խոսքով՝ առավել դժվար են եղել 2004-2007 թվականները, երբ սպիտակ արջերի 80 նորածիններից կենդանի են մնացել միայն 2-ը: Ավելի վաղ մահացությունը սպիտակ արջերի մոտ 50 տոկոսից բարձր է եղել:

«Մենք կասկածում ենք, որ նրանք մահանում են սովից»,-ասել է հետազոտության հեղինակներից Ջեֆ Բրոմեգինը: Նրա խոսքով՝ արջերի բնակության միջավայրն ավելի քիչ կայուն է դառնում:

Գիտնականները համարում են, որ դրանում մեղավորը մոլորակի կլիմայի տաքացումն է, որը հանգեցնում է արկտիկական սառույցների հալման: Ամռան ամիսներին սառցե տարածքների կտրուկ կրճատման պատճառով սպիտակ արջերը չեն կարողանում հասնել իրենց ավանդական որսի վայրեր, որտեղ բնակվում են փոկեր եւ այլ ծովային կենդանիներ: