Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղյակ չէ, որ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար քաղաքացուց 15,500  դոլար կաշառք են պահանջել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սիմոնյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, ԵՊՀ-ն որեւէ կապ չունի ընդունելության քննությունների հետ, իրենք ընդամենը քննություններից հետո ստանում են ընդունվածների ցուցակները:

«Դրանք երեւի ինչ-որ բախտախնդիր մարդիկ են, որոնք ԵՊՀ-ի հետ որեւէ կապ չունեն»,-ասաց ռեկտորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ, տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին, տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին նրանից խաբեությամբ ստացել և հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։ Միաժամանակ պարզվել է, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն կամ լիազորություն չեն ունեցել, ԵՊՀ աշխատակիցներ չեն, ուստիև նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խաշոր չափերով խարդախություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջացառումները՝ քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։