Իր ծառայություններից դիմաց 40 հազար դրամ է պահանջող ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանի մատնանշած մաթեմատիկայի դասախոսին աշխատանքից ազատելու որեւէ հիմք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ նշանակված ծառայողական քննության շրջանակներում դասախոսը բացատրություն է տվել եւ հայտնել, որ անտեղյակ է եղել իր կոլեգիայի հայտարարությունից, դա եղել է նրա նախաձեռնությունը: «Ինքը հերքում է, ուսանողները եւս հերքում են, նա շարունակում է աշխատել, որեւէ փաստ չկա դասախոսին պատժելու»,-ասաց ռեկտորը:

Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ներկայացնում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նա ուսանողին հորդորում է պարապել նաեւ մաթեմատիկա, եւ եթե այդ առարկայից էլ բարձր ստանա, ապա հնարավոր կլինի անցնել անվճար համակարգ: Այս ձայնագրության հրապարակումից հետո  Նունե Գյոկչյանն ազատվել է աշխատանքից, իսկ մյուս դասախոսի մասով քննություն է կատարվում:

Երեւան քաղաքի դատախազին հասցեագրված Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սիմոնյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ: Քրեական գործն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: