Երեւանի ««Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կնոջ մահվան դեպքով արդեն մեկ ամիս է՝ հարուցված է քրեական գործ, սակայն որեւէ առաջընթաց չկա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ՝ բժիշկներ, հարազատներ, տեղի են ունեցել առերեսումներ: Գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան: Ավելին, դեռ հայտնի չէ նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության պատասխանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժանմունքում հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան 26-ամյա կին է մահացել, որը 20 օր առաջ էր ծննդաբերել: NEWS.am-ի հետ զրույցում գինեկոլոգիայի բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պատմել էր դեպքի մանրամասները:
«Կինը ծննդաբերել է սեպտեմբերի 21-ին կեսարյան հատման միջոցով, ամսի 24-ին դուրս է գրվել հիվանդանոցից, վիճակը նորմալ էր, սակայն ամսի 27-ին նորից ընդունվել է հիվանդանոց, որովհետեւ ջերմություն ուներ, աղիները լավ չէին գործում: Մեզ մոտ նա բուժում է ստացել, վիճակը նորմալացել էր, քայլում էր, մայրը մոտն է եղել, դեպքի օրը պետք է արդեն դուրս գրվեր: Վաղ առավոտյան վատ է զգացել, գնացել է սանհանգույց, հետ եկել, պառկել անկողնում ու միանգամից կապտել: Բժիշկներն արագ արձագանքել են, սակայն ուշ է եղել»,- ասել էր Ռազմիկ Աբրահամյանը:




























