«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերիկ Հովհաննիսյանին ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արայիկ Ալվանդյանը:
Նրա խոսքով՝ այս պահին թղթաբանության հարցերն են լուծվում, որից հետո վիրահատությունը տեղի կունենա:
«Քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլտվությունը կտա, որից հետո նրան կտեղափոխենք քաղաքացիական հիվանդանոց եւ կվիրահատենք: Վալերիկը սպասում է վիրահատությանը, վիճակն այնքան էլ լավ չէ»,- ասաց նա:
Նշենք, որ Վալերիկ Հովհաննիսյանին երկրորդ անգամ են վիրահատելու, քանի որ հարազատների խոսքով՝ նրան հունիսին կալանավայր են տեղափոխել՝ աղիքը դուրս ընկած վիճակում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին, ինչպես նաեւ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով։ Վալերիկ Հովհաննիսյանն էլ Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում շուրջ հինգ րոպե տեւողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ: Բացի դրանից նրանք բռնություն են գործադրել՝ հարվածներ հասցնելով Գոռ Առաքելյանին:
Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























