Հայաստանի ազգային արժույթը բավական մեծ կախվածության մեջ է եվրոյից եւ դոլարից, եւ դրամով ցանկացած ապրանքաշրջանառություն պայմանավորված է արտարժույթով, դրամական փոխանցումներով, տնտեսական գործարքներով, որոնք կատարվում են ռուսական ռուբլով եւ, բնականաբար, գտնվում են ռուբլու գոտու ազդեցության տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացումը:
Բոստանջյանի խոսքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ռուբլու կտրուկ արժեզրկումը, բնականաբար, պետք է ազդեին հայկական դրամի վրա, ինչն էլ տեղի ունեցավ. «Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական դրամի հետ, պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով եւ ռուբլու արժեզրկմամբ: Հայկական դրամի արժեզրկումն ուղղակիորեն կապված է այդ հանգամանքի հետ»:
Տնտեսագետը նաեւ կանխատեսեց, որ դրամի արժեզրկման հետ կապված այս իրավիճակը դեռ երկար կտեւի, ինչը խնդիրներ կստեղծի հայ գործարարների համար:
Նշենք, որ նոյեմբերի 24-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435 դրամ. մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 16 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.53 դրամ (ավելացել է 19.38 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 680.34 դրամով (աճել է 26.55 դրամով), իսկ ռուսական ռուբլունը՝ 9.70 դրամով (աճել է 0.57 դրամով):



























