Արտարժույթի փոխարժեքի բարձրացումը դրական նպատակներ է հետապնդում, սակայն մեր տխուր փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ նման բարձրացումը սպառողի օգտին չի լինում եւ ուղեկցվում է գնողունակության անկմամբ, չնայած այդ մեխանիզմն ուղղված է գնողունակության բարձրացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը:
«Դա Կենտրոնական բանկի գործառույթն է, եւ այդ արվում է, որպեսզի չտուժի գնողունակությունը, որպեսզի գնորդը կարողանա նույն ծավալով ապրանքներ ձեռք բերել: Երկրում փողերի ծավալը պետք է համապատասխանի ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալին: Եվ դա կանոնակարգում է Կենտրոնական բանկը՝ թողարկվող փողերի քանակության եւ այլնի միջոցով: Երբ գներն աճում են կամ ավելանում են եկամուտները, Կենտրոնական բանկը դրամական միջամտության օգնությամբ (արտարժույթի գնման կամ վաճառքի միջոցով) վերահսկում է դրամ/ապրանքներ եւ ծառայություններ հարաբերակցությունը»,- պարզաբանեց նա:
Սակայն նախկին փորձի ընդհանրացման հիմքով Արմեն Պողոսյանը պնդում է, որ Հայաստանում ընթացիկ միջամտության արդյունքը կլինի միայն սպառողական ապրանքների գների բարձրացումը: Ավելին, նա նշեց, որ Հայաստանում Ամանորի նախաշեմին գների բարձրացումը վաղուց արդեն նորմալ է, սակայն այս տարի գները սկսել են բարձրանալ ավելի վաղ, ինչը նույնպես լրջորեն հարվածում է սպառողների շահերին:
Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արտարժույթի փոխարժեքը կտրուկ աճել է: Մասնավորապես, նոյեմբերի 24-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435 դրամ. մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 16 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.53 դրամ (ավելացել է 19.38 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 680.34 դրամով (աճել է 26.55 դրամով), իսկ ռուսական ռուբլունը՝ 9.70 դրամով (աճել է 0.57 դրամով):



























