Հայաստանը միայն ռուսական գազի մասով շուրջ 2 մլրդ դոլար է տնտեսում: Այս մասին նոյեմբերի 24-ին խորհրդարանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին Պայմանագրի շուրջ լսումների ժամանակ հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ մեր հանրապետությունը հիմա Ռուսաստանից գազ է ստանում 189 դոլարով՝ 1.000 խորանարդ մետրի դիմաց, բայց կարող էր ստանալ 400 դոլարով: Այդ դեպքում երկրի համար լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածությունը կկազմեր շուրջ 2 մլրդ դոլար:

Բացի գազից, եւս 100 մլն դոլար հանրապետությունը կարող էր կորցնել Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից: Հայաստան ուղղվող փոխանցումների 86%-ը Ռուսաստանից է, եւ այդ ծավալը կարող էր կտրուկ կրճատվել, եթե Մոսկվան արգելեր այն 67 հազար քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր, ըստ Թավադյանի, միգրացիոն օրենսդրության աննշան խախտումներ են կատարել:

«Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը վերանայել է նրանց հանդեպ մոտեցումը՝ հայտարարելով, որ հաշվի է առնում. այդ 67 հազար մարդկանց համար Ռուսաստանում աշխատելն ընտանիքը պահելու միակ միջոցն է»,- նշեց տնտեսագետը: