Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շվեդիայի կառավարության եւ արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիսությանը ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով հայ-շվեդական հարաբերությունների անցյալին եւ ներկային, ասաց.
«Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում` նշանավորելու հայկական դեսպանության պաշտոնական բացումը, մենք արտահայտում ենք մեր ձգտումը` նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:
Չնայած այն հանգամանքին, որ հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17 դարերում Արեւելքը Շվեդիային կապող առեւտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց. «Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ալմա Յոհանսոնի եւ շվեդ այլ միսիոներների, որոնք օգնության ձեռք են մեկնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վերապրածներին։ Այս համատեքստում կցանկանայի եւս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։
Նախարար Նալբանդյանը կարեւորեց նաեւ շվեդահայ համայնքի դերակատարությունը՝ որպես Հայաստանը եւ Շվեդիան կապող օղակ։
Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման էր ներկայացված ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, ինչպես նաեւ այլ պատմական փաստաթղթեր։
Միջոցառմանը հայ եւ շվեդ հեղինակների կատարումներով հանդես եկավ հայ երաժիտների լարային քառյակը։
Բացի քաղաքական օրակարգից նախարար Նալբանդյանի այցը Շվեդիա ներառում էր նաեւ տնտեսական բաղադրիչ։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ բանկային, էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, կապի, առողջապահական, պարենի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց պատմեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, կառավարության կողմից իրականացվող տնտեսական զարգացման ծրագրերը: Շվեդական գործարար շրջանակների ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում իրենց ընկերությունների կողմից իրականացվող գործունության եւ համագործակցության հեռանկարային ծրագրերի մասին։ Քննարկվեցին նաեւ հայ-շվեդական գործարար համաժողովների, ինչպես նաեւ` տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները:
Նոյեմբերի 24-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպեց շվեդահայ համայնքի ներկայացուցիչներին: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական միություն – Հայաստան համագործակցությունը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։




























