Նոյեմբերի 24-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Շվեդիա։ Նույն օրը տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի բանակցությունները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտացոլվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երեւանում եւ Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի եւ դրա կարգավորման ուղիների շուրջ։
Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ, ինչի համար լուրջ նախադրյալներ կան: Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։
Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընգծեց. «Այս պահին կարեւոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթաժողովից անմիջապես հետո Բաքվի կողմից իրականացված սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման եւ անձնակազմի անդամների զոհվելու հետեւանքով»:
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրեց այցելել Հայաստան։




























