Հայ հեղափոխական դաշնակցությունը դեռ որեւէ առաջարկ չի ստացել Նիկոլ Փաշինյանից՝   վերջինիս կողմից կազմակերպված Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու նախաձեռնության վերաբերյալ: Այս մասին NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ որեւէ առաջարկ չեն ստացել, երբ ստանան, կքննարկեն եւ կարծիք կհայտնեն:  «Չենք քննարկել, երբ որեւէ գրավոր թուղթ, հիմնավորում կլինի, կքննարկենք, կարծիք կասենք»,-նշեց պատգամավորը:

Ի դեպ, առայժմ որեւէ խմբակցություն չի հայտարարել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միանալու մասին: Ոչ իշխանական ուժերը միանման պատասխաններ են տվել՝ առաջարկ ստանալուց հետո այդ հարցը կքննարկեն եւ կարծիք կհայտնեն: Ըստ էության՝ նրանք առանձնապես ոգեւորված չեն նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնել: Այդ նպատակով նա դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու եւ այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։