Ռուսաստանի ներկայիս իրավիճակը Հայաստանում դոլարի սով է ստեղծում: Այս մասին նոյեմբերի 26-ին խորհրդարանի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի 3 մլրդ դոլարի հասնող արտաքին առեւտրի դեֆիցիտը պետք է  լրացվի արտասահմանյան ներդրումներով եւ փոխանցումներով: Եվ մեկի, եւ մյուսի կարեւոր աղբյուրը Ռուսաստանն է, սակայն, հաշվի առնելով դրա տնտեսական անկումը, այդ ներդրումները կրճատվում են. ներդրումների ծավալը նախկինում էլ բարձր չէր, իսկ տրանսֆերտները նվազել են 500 մլն դոլարով: Նվազել է նաեւ ՌԴ հայկական արտահանումը:  «Այս պայմաններում դրամի  փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ միանգամայն օբյեկտիվ էր: Այն դրական ազդեցություն էլ կունենա՝ կօգնի մեր արտահանողներին», - հավելել է Մելքումյանը:

Նշենք, որ նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի  փոխարժեքը  աճել է 16,6 դրամով կամ 5,5%-ով՝ մինչեւ 435 դրամ: