Կոտայքի մարզի դատախազի ցուցումով՝ Գառնիի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել: NEWS.am-ը Դատախազությունից տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը եւ վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու լիազորությունը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորելով անգործություն՝ միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Ա. Վարդանյանը, հանդիսանալով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու եւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացումը ապահովելու, ինչպես նաեւ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու եւ վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Ա.Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն գյուղի բնակչից համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու եւ նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով՝ խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն: Նշված դեպքերով հարուցված երեք քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավել որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 315.2-րդ հոդվածով եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով:




























