Կիեւում նոյեմբերի 27-ին բացվել է ութերորդ գումարման Ռադայի առաջին նստաշրջանը: Նոր Ռադայի նիստը «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչ Ալեքսանդր Տուրչինովը սկսել է մեկ րոպե լռությամբ:

Այնուհետ պատգամավորները խմբով ընթերցել են երդման տեքստը եւ այն ամրագրել ստորագրություններով, հայտնում է «Զերկալո նեդելի»-ն:

Երդման տեքստը պետք է ընթերցեր Ռադայի ամենատարեց պատգամավոր, 81-ամյա Եֆիմ Զվյագիլսկին, սակայն այդ հարցի շուրջ հասարակության մեջ քննարկում էր ծավալվել: Մասնավորապես, նրան մեղադրում էին Դոնբասի ներկայիս իրավիճակի համար, այդ պատճառով տեքստը ընթերցել է Տուրչինովը:

Տուրչինովի խնդրանքով էկրանին ցուցադրվել է «Բատկիվշչինայի» պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի երդման տեքստը, ով Ռուսաստանում կալանքի տակ է:

Ուկրաինական մամուլի փոխանցմամբ, խորհրդարանի նիստին ներկա է նախագահ Պյոտր Պորոշենկոն: Բացի այդ, ներկա են նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն, ինչպես նաեւ  կառավարության անդամներ եւ նախորդ գումարումների խոսնակներ:

Մամուլի տվյալներով՝ Պորոշենկոն Վլադիմիր Գրոյսմանին կառաջադրի Գերագույն ռադայի նախագահի, Արսենի Յացենյուկին՝ վարչապետի պաշտոնում: