Ռուսաստանցի իրավապահները ձերբակալել են Ուլֆաթ Տագիեւին, որը հայտնի է Ռուֆաթ Գյանջինսկի մականունով: Նրան ձերբակալել են Լյուբլինսկի շուկայի համահիմնադիր Էլհամ Ալիեւի եւ կոմերսանտ Իլհամ Ալիեւի սպանության կասկածանքով: Նա նաեւ տեղեկություններ ունի հայտնի Դեդ Հասանի սպանության վերաբերյալ, փոխանցում է LifeNews-ը՝ վկայակոչելով իրավապահներին: 

«Տագիեւը հետաքննության տակ է Մոսկվայի հարավ-արեւելքում շուկայի համասեփականատիրոջ սպանության համար: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ 2013թ. մասնակցել է Դեդ Հասանի սպանությանը: Նա մարդասպանի խորհրդատուն եւ վերահսկողն է եղել», - աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Տագիեւն ինքը այլ «օրենքով գողի»՝ Դեդ Հասանի կլանի հիմնական հակառակորդ Ռովշան Լենքորանսկու հանցախմբում երկար ժամանակ քիլլեր էր «աշխատել»:

«Ռուֆաթ Գյանջինսկին հերքել է, որ Ասլան Ուսոյանի սպանության պատվիրատուն կամ կազմակերպիչն է եղել: Ըստ նրա՝ ծանոթները խնդրել էին կազմել քիլլերի տեղաշարժման քարտեզը՝ մոտենալը եւ հանցանքը կատարելուց հետո  հեռանալը», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական հեղինականությունը սպանվել էր 2013թ. հունվարի 16-ին՝ մեկ գնդակով, որը դիպել էր գլխին: