Փորձագետներին հաջողվել է նույնականացնել Դոնեցկում վթարված մալայզիական «Բոինգ-777»-ի 289 ուղեւորների մասունքները: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության նախարար Իվո Օպստելտենը:

«Մարմինների որոնման աշխատանքներն ավարտված չեն, մեր նպատակն է նույնականացնել բոլոր զոհերին», - ասել է նա Խարկովի օդանավակայանում՝ զոհերի մասունքների հետ հրաժեշտի արարողությունից հետո: «Հենց որ եղանակը թույլ տա շարունակել աշխատանքը, մենք դա կանենք, եւ հուսով եմ՝ բոլոր մարմինները կգտնվեն»,- հավելել է նախարարը:

Իր հերթին Խարկովի ղեկավար Իգոր Բալուտան հայտնել է, որ մասունքների հետազոտման սարքավորումները Մալիշեւի անվան գործարանից տարվել են օդանավակայան, որտեղ կմնան մինչեւ մարտ: Այդ ընթացքում արտադրամասը կախտահանվի, գարնանը կարող է վերսկսել աշխատանքը:

МН17 չվերթով  Ամստերդամից Կուալա-Լումպուր թռչող մալայզիական «Բոինգ-777»-ը Դոնեցկում վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին: Դրանում գտնվող բոլոր 298 ուղեւորները զոհվել էին: