Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան եւ Հայկական զարգացման գործակալությունը, ինչպես նաեւ երկու երկրների այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ Վիլնյուսում կայացած բիզնես-համաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր են ստորագրել: Այդ մասին գրում է «The Baltic Course» ամսագիրը: Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի խոսքով՝ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ գործարար կապերը այդքան էլ զարգացած չեն: Սակայն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, գործարարները շահագրգռված են նոր շուկաների որոնմամբ:

«Սա Լիտվա-Հայաստան առաջին բիզնես-ֆորումն է, սակայն մենք հույս ունենք, որ վերջինը չէ: Այսօր տարտամ ժամանակներ են, բազում փոփոխություններ են կատարվում եւ լիտվական արդյունաբերողների համար կարեւոր է ընդլայնել արտահանման հորիզոնները: Այս համատեքստում Հայաստանում մեզ համար տնտեսական եւ աշխարհաքաղաքական տեսակետից մեծ կարեւորություն է  ներկայացնում: Գտնվելով Մերձավոր Արեւելքի հարեւանությամբ, որոնք չեն համարվում մեր ավանդական շուկաները, Հայաստանը կարող է լավ հնարավորություններ բացել լիտվական ձեռնարկությունների համար», - նշեց Դարգիսը: 

Նրա խոսքով՝ Հայաստանում լիտվական ձեռնարկությունների համար առավելագույն ներուժ գոյություն ունի ՏՏ եւ ծառայությունների ոլորտում: Ավանդական ոլորտների ներկայացուցիչները` կահույքի, տեքստիլ արդյունաբերության եւ այլ ոլորտները, եւս հնարավորություններ ունեն: Դրա ապացույցը` համագործակցության հուշագրերն են: Դրանք ստորագրվել են Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի եւ Հայաստանի զարգացման գործակալության, Հայաստանի ոսկերչական ազատ տնտեսական գոտու, լիտվական «Կաունաս», «Կեդայնյայ», «Մարիամպոլե» ազատ տնտեսական գոտիների միջեւ:

Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը նշեց, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանի չի հրաժարվում ԵՄ-ի հետ համագործացությունից: Դսպանը իր ուրախությունն հայտնեց այն առիթով որ Լիտվան Հայաստանը ԵՄ-ին կապող առաջին երկիրն է: