Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը մեծ հռետոր է… քանի դեռ կարդում է իր հեռահուշարարից: Այդ մասին գրում է ֆրանսիական «Courrier international» շաբաթաթերթը՝ ներկայացնելով թուրքական առաջնորդի 10 ամենածիծաղելի հայտարարությունները:
Նման հայտարարություններից է օրինակ. «Եգիպտոսի հեղաշրջման հետեւում կանգնած է Իսրայելը»: Մյուս հայտարարությունը վերաբերում է Սոմ ածխահանքում տեղի ունեցած պատահարից հետո լրագրողի հարցին՝ թե վթարի արդյունքում քանի աշխատող է զոհվել. «Դրանք սովորական բաներ են»:
«Ես սիրում եմ քեզ» անգլերենով հնչեցրած արտահայտությունը թուրքական առաջնորդի եւս մեկ գլուխգործոցն է: «Էրդողանը անգլերեն չգիտի: Դրա մեջ ոչ մի ամոթալի բան չկա, սակայն դա պատճառ չէ անծանոթին ասել. «Ես քեզ սիրում եմ»: 2002թ. ամռանը իր մեքենան նստելիս մոտակայքում գտնվող արաբ զբոսաշրջիկը ողջունել է նրան: Էրդողանը սեղմել է արաբի ձեռքը եւ ասել. «I love you», -նշում է ֆրանսիական պարբերականը:
Էրդողանի եւս մեկ հայտարարություն՝ «Մենք միշտ վճարում ենք մեր աշխատակիցներին»: Թերթը գրում է, որ անցած տարի, երբ ԱՄն-ի կառավարությունը մասնակիորեն կաթվածահար էր եղել, Էրդողանը, ով, հավանաբար այդ պատմությունից ոչինչ չէր հասկացել, ասել է. «Դեռ երբեք մեր կառավարությունը պետծառայողներին իրենց աշխատավարձերը վճարելու անընդունակ չի եղել»:
Էրդողանի մյուս արտասովոր հայտարարություններն են՝ «Կանայք եւ տղամարդիկ հավասար չեն», «Հրաժարվեք ալկոհոլից, ավելի լավ է՝ խաղող կերեք», «Այդ մուսուլմաններն են հայտնագործել Ամերիկան»: Իսկ մի գեղեցիկ օր, Էրդողանը ասել է. «10 տարվա ընթացքում մենք 2,8 մլրդ ծառ ենք տնկել»: Եթե դա ճիշտ է, ապա Թուրքիայի կառավարությունը 2003թ.-ից վայրկյանում 26,6 ծառ է տնկել:
«Մի շփոթեք նավը նավակի հետ»,-ասել է Էրդողանն՝ ի պատասխան իր որդու 96-մետրանոց նավի մասին լրագրողի հարցի: Ըստ էության, Էրդողանը փորձել է բացատրել, որ իր որդին ընդամենը «նավակ» ունի, որը թուրքերենով նշանակում է «խաղալիք»:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն ասել է, որ «ուսանողն ինքնասպան է եղել, որովհետեւ չի կարողացել վճարել ուսման համար»:
«Այսպես նա իզուր փորձել է արդարացնել նախնապատրաստական դպրոցները փակելու նախագիծը, քանի որ իրականում ուսանողն ինքնասպան է եղել ընկերուհու դավաճանության համար: Ավելին, եթե նույնիսկ դա իրականություն լիներ, դրանից ի՞նչ: Ամեն տարի Թուրքիայում ավելի քան 100 մարդ ինքնասպան է լինում, քանի որ չեն կարողանում մարել իրենց պարտքերը: Եթե այդ փաստարկը ճիշտ է, ապա, առաջին հերթին, պետք է փակել բանկերը, ոչ թե կրթական հաստատությունները՝ նշելով, իբր ուսման վարձը կարող է հանգեցնել ինքնասպանությունների»,-նշում է «Courrier international»-ը:




























